օգոստոսի 29 • 07:25, 2024
Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզային ստորաբաժանումները շարունակում են իրականացնել տարաբնույթ միջոցառումներ
ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից շարունակվում են պարբերաբար անցկացվել տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են դիմակայունության բարձրացմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության պատրաստվածության բարձրացմանը, իրազեկման միջոցառումների իրականացմանը։
Միջոցառումների շրջանակում Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․Ղուկասյանի, Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի, ինչպես նաև ԱՌԿ խորհրդի անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աղետների ռիսկերի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Վեդի համայնքի ղեկավար Գ․Սարգսյանը։
ՀՀ-ում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ հրդեհների առաջացման ռիսկը նվազագույնի հասնելու նպատակով, նիստի ժամանակ քննարկվել են բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների կազմակերպման, բնակավայրերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի, պատահարների հավաքագրման և հաշվառման, Վեդի համայնքի «Աղետների ռիսկի պլանի» պլանով սահմանված գործողությունների իրականացման հարցեր, որոնք հնարավորություն կտան համայնքի տարածքում ԱԻ առաջացման դեպքում համարժեք արձագանք տալ գնահատված կարիքներին՝ ապահովելով բնակչության պաշտպանության իրականացումը արտակարգ իրավիճակներում։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ենթակա ստոբաժանումների կողմից անց են կացվել ուսուցողական միջոցառումներ․ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ «Աշխարհի Հայեր» պատմամշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բակային ճամբար ծրագրի շրջանակներում՝ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցում և Սասունիկի մշակույթի տանը անց են կացրել «Առաջին օգնությունը արնահոսության և կոտրվածքների դեպքում» թեմայով սեմինար պարապմունքներ, որոնց մասնակցել է 39 աշակերտ։
Պարապմունքներն անց են կացվել ինտերակտիվ տարբերակով․ հրշեջ-պարամեդիկի կողմից ներկայացվել են իրավիճակներ, որոնցում երեխաները փորձել են ներկայացնել առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ իրենց ձեռք բերած հմտությունները՝ արագ կողմորոշվելով և կատարելով տրված առաջադրանքները։
Փրկարարական ստորաբաժանումների կողմից պարբերաբար կազմակերպվող ուսուցողական միջոցառումները հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն ծանոթանալ հրշեջ-փրկարարների գործունեությանը և առավել հստակ պատկերացում կազմել դրա վերաբերյալ, այլ նաև պատրաստ լինել կյանքի տարատեսակ իրավիճակներում կազմակերպված, ճիշտ և գրագետ առաջին օգնության ցուցաբերման հմտություններին։
Ամսվա ընթացքում Արմավիրի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման կողմից Առողջապահության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մասնաճյուղում անց է կացվել է «Սուր վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում անհետաձգելի միջոցառումների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության անցկացման նպատակներն էին կատարելագործել կազմակերպություն ղեկավար կազմի ունակությունները սուր վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման, ուժերի պատրաստականության ապահովման և անհետաձգելի միջոցառումների իրականացման գործում:
Ավարտին տեղի է ունեցել ուսումնավարժության ամփոփում, վեր են հանվել բացթողումներն ու թերությունները, միաժամանակ աշխատանք տարվել դրանց վերացման ուղղությամբ։