Պատահարներ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

հուլիսի 26 • 15:50, 2025

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 68 փրկարարական ծառայող։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին։ Հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները 3 հա խոտածածկ տարածքում։ Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են հրդեհի տարածումը:

Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: