Лента новостей
март 12 • 12:10, 2026

Բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործում, հանրային իրազեկվածության և դիմակայունության բարձրացում. Փրկարար ծառայությունն անցկացրել է ուսուցողական միջոցառումներ

ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից փետրվար ամսվա ընթացքում անցկացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին անվտանգության մշակույթի ձևավորմանը՝ բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, հանրային իրազեկվածության և դիմակայունության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հմտությունների զարգացմանը:

Երկրաշարժի ժամանակ համակարգված գործողությունների, հնարավոր հետևանքների վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ ղեկավար կազմի և պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների կարողությունները զարգացնելու նպատակով՝ «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մասնակցությամբ։ 

Հրդեհային անվտանգության թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել մի շարք կրթական և հասարակական նշանակության հաստատություններում: Ուսումնավարժանքների նպատակն էր բարձրացնել հաստատությունների անձնակազմի և սաների պատրաստվածությունը, զարգացնել արտակարգ իրավիճակներում արագ, առանց խուճապի գործելու հմտությունները, ինչպես նաև ապահովել տարհանման անվտանգ կազմակերպումը։  

«Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը  հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Երևանի Կ. Ասրյանի անվան թիվ 171 հիմնական դպրոցում: Ուսումնավարժանքի ընթացքում փորձարկվել է նաև հրդեհի դեպքում արձագանքման գործողությունների հաջորդականությունը, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ։

«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել նաև Երևանի թիվ 177 հիմնական դպրոցում, թիվ 120 մսուր-մանկապարտեզում, «Հոլիդեյ Ինն Երևան Հանրապետության հրապարակ» հյուրանոցային համալիրում: Մասնակիցները կիրառել են հրդեհաշիջման առաջնային միջոցները, ծանոթացել մարդկանց անվտանգ և արագ տարհանման կազմակերպման սկզբունքներին։ 

Ուսուցողական դասընթացներ և թեմատիկ դասախոսություններ են անցկացվել նաև Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում և մի շարք մսուր-մանկապարտեզներում։ Ներկայացվել են հրդեհաշիջման առաջնային միջոցների ճիշտ կիրառման կանոնները, առաջին օգնության հիմնական սկզբունքները, ինչպես նաև տարհանման աշխատանքների կազմակերպման հաջորդականությունը: 

Փրկարար ծառայության կողմից բնակչության շրջանում պարբերաբար անցկացվող ուսուցողական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, համագործակցված գործողություններ իրականացնելու, հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու համար: