март 14 • 06:00, 2026
Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել առևտրաժամանցային կենտրոններից մեկում
Կոտայքի մարզի առևտրաժամանցային կենտրոններից մեկում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը առևտրաժամանցային կենտրոնում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Միջոցառումն իրականացրեց ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումը։
Ուսումնավարժության շրջանակներում մոդելավորվեց կենդանի սցենար. ազդարարման համակարգի և բարձրախոսի միջոցով հնչեց «Հրդեհ» ազդանշան, որին հաջորդեց կենտրոնի աշխատակիցների և այցելուների անհապաղ տարհանումը անվտանգ գոտի։
Փրկարարական խմբերն անմիջապես անցան հետախուզական փուլին՝ պարզելով հրդեհի օջախը, կրակի տարածման ուղիները, վտանգված անձանց գտնվելու վայրերն ու փրկման հնարավոր երթուղիները, ինչպես նաև թունավոր և դյուրավառ նյութերի առկայությունը։ Հետախուզությանը զուգընթաց կատարվեց մարտական բացազատում։
Ուսումնավարժության առանձնահատուկ տարրը փրկարարների գործողություններն էին բարձրահարկ ծխապատ գոտում. տանիքում հայտնաբերված պայմանական տուժածները դուրս բերվեցին ավտոսանդուղքի և պարանների միջոցով, որից հետո բժշկական օղակն անմիջապես ցուցաբերեց առաջին օգնություն։
Ուսումնավարժության ավարտին անցկացվեց մանրամասն ամփոփում ինչպես մասնակից անձնակազմի, այնպես էլ կենտրոնի ղեկավար կազմի հետ։ Ստորաբաժանման առջև դրված բոլոր խնդիրները գնահատվեցին որպես կատարված, իսկ ուսումնավարժությունն ամբողջությամբ արժանացավ «լավ» գնահատականի։