октябрь 31 • 13:10, 2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ իրականացրած միջոցառումները
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունը մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում, ինչպես նաև մի շարք պետական և մասնավոր կազմակերպություններում, բժշկական հաստատություններում հոկտեմբեր ամսին անցկացրել է ուսումնավարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում։
Կազմակերպվել և անց են կացվել ինչպես հատուկ տակտիկական, այնպես էլ օբյեկտային վարժանքներ․ հիմնական շեշտը դրվել է երկրաշարժի և հրդեհի դեպքում ճիշտ վարվելակերպի կանոնների, արագ ու անվտանգ տարհանման, ինչպես նաև համակարգված գործողությունների, միևնույն ժամանակ հակառակորդի հարձակման դեպքում ազդարարման, պատսպարման և պաշտպանական միջոցառումների կազմակերպման վրա։
Միջոցառումների ընթացքում մասնակիցները գործնականում մշակել են արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքման քայլերը․ իրականացվել են տարհանում, պատսպարում, ինչպես նաև առաջին օգնության տարրական գործողություններ։
Միջոցառումները մեծապես նպաստել են մասնակիցների իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի ձևավորմանը և պատասխանատու վերաբերմունքին՝ սեփական կյանքի ու առողջության և շրջապատի նկատմամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև խուճապային իրավիճակներից խուսափելու հմտությունների ձևավորմանը։
Նման ուսումնական պարապմունքները շարունակական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով զարգացնել բնակչության պատրաստվածությունը, կատարելագործել համագործակցությունը տարբեր ծառայությունների միջև և ապահովել առավել արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակների ժամանակ։