май 13 • 08:28, 2026
Մարզային փրկարարական վարչությունները շարունակում են բնակչության պատրաստության ուղղությամբ աշխատանքները
ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները հանրապետության բոլոր մարզերում շարունակում են բնակչության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներին արձագանքման պատրաստության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Ուսումնավարժությունների, դասընթացների ու գործնական պարապմունքների շրջանակներում մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք համայնքների ղեկավար կազմի հետ անցկացրել են շտաբային ուսումնավարժություններ՝ երկրաշարժերի, սելավների, ջրամբարների պատվարների փլուզման վտանգի, ինչպես նաև խոշոր անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման նպատակով: Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ իրավիճակներում գնահատման ու ճիշտ որոշումների կայացման հմտությունների կատարելագործմանը:
Ստորաբաժանումների կողմից անցկացվել են նաև դասընթացներ ուսումնական հաստատություններում՝ «Վտանգավոր բնական երևույթների ազդեցության հիմունքները», «Ազդարարման ազդանշանները», «Տեխնածին վթարները և դրանց կանխարգելումը», «Բնական աղետներ» թեմաներով։ Կազմակերպվել են նաև «Ճանաչենք մեր դպրոցը. անվտանգ մուտք և ելք» խորագրով միջոցառումներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթացել են հրշեջ-փրկարարական գույքին, սարքավորումներին ու տեխնիկային:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների շրջանակում ծառայողները կատարելագործել են հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների կազմակերպման հմտությունները՝ ծխապատ գոտուց մարդկանց տարհանումը, փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների ղեկավարումը, ինչպես նաև սահմանային անցակետերում արտակարգ իրավիճակներին արձագանքումը:
Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել է հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական պատրաստականությունը և ստորաբաժանումների համագործակցության արդյունավետությունը:
«Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանքներ են անցկացվել մի շարք բնակավայրերում՝ էլեկտրական շչակների փորձնական գործարկմամբ: Վարժանքների ընթացքում ներգրավվել են դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ։