Лента новостейВидео

Հմտությունների կատարելագործում և ներգրավված ծառայությունների արդյունավետ համագործակցություն․ Կոտայքի մարզի փրկարարական ծառայողներն անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություն

апрель 21 • 10:50, 2026

ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ապրիլի 13-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում անցկացրել են «Հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհի դեպքում հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը։ 

Միջոցառմանը ներգրավվել էին նաև Պարեկային ծառայության կարգախումբ և շտապօգնության աշխատակիցները։

Ուսումնավարժության նպատակը հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների ժամանակ արձագանքող ուժերի գործնական հմտությունները կատարելագործելն ու ներգրավված ծառայությունների արդյունավետ փոխգործակցությունն ապահովելն էր։

Ըստ սցենարի՝ հյուրանոցային համալիրի գլխավոր մասնաշենքում պայմանական հրդեհ էր բռնկվել։

Ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարական ստորաբաժանումների կողմից իրականացվել են հետախուզություն և իրավիճակի գնահատում, ինչից հետո կատարվել են մարդկանց տարհանման, առաջին օգնության ցուցաբերման և հրդեհաշիջման աշխատանքներ։

Կիրառվել են հատուկ փրկարարական միջոցներ՝ ապահովելով վտանգավոր գոտում գտնվող մարդկանց դուրսբերումն ու անվտանգ տեղափոխումը։ Միաժամանակ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը։

Շտապօգնության ծառայությունն ապահովել է առաջին բուժօգնության ցուցաբերումն ու պայմանական տուժածների տեղափոխումը բժշկական հաստատություններ։

Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել են ներգրավված ծառայությունների համագործակցության գործնական մեխանիզմները։

Փրկարար ծառայության կողմից պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները կարևոր դեր ունեն արտակարգ իրավիճակներում համակարգված ու արդյունավետ գործողությունների ապահովման, ինչպես նաև փրկարարների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման գործում։